1 Երէցը, ընտրեալ Կիւրիային, եւ նորա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտութիւնով, (եւ ոչ միայն ես, այլ այն ամենն էլ որ ճշմարտութիւնը ճանաչել են։)
2 Այն ճշմարտութեան պատճառովը որ մեզանում մնում է, եւ մեզ հետ կ’լինի յաւիտեան։
3 Ձեզ հետ լինի շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուած Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ Հօր Որդուցը, ճշմարտութիւնով եւ սիրով։
4 Շատ ուրախացայ որ քո որդիներիցը գտայ որ ճշմարտութիւնով են գնում, ինչպէս որ հրաման առանք Հօրիցը։
5 Եւ հիմա աղաչում եմ քեզ, Կիւրիայ, ոչ իբր թէ մի նոր պատուիրանք եմ գրում քեզ, այլ այն որ սկզբիցն ունէինք, որ իրար սիրենք։
6 Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք։
7 Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը։
8 Զգոյշ կացէք ձեր անձերին որ չ’կորցնենք այն որ վաստակեցինք. Այլ որ բոլոր վարձք առնենք։
9 Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։
10 Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։
11 Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։
12 Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չ’կամեցայ թղթով եւ թանաքով գրել. Այլ յոյս ունիմ գալ ձեզ մօտ. Եւ բերանէ բերան խօսել, որ մեր ուրախութիւնը կատարեալ լինի։
13 Բարեւ են տալիս քեզ քո ընտրեալ քրոջ որդիքը։ |