1 Սիրելիներ, սա արդէն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, որոնցով ձեր մաքուր միտքը յիշեցնելով զարթնեցնեմ,
2 Որ յիշէք սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ մեր՝ Տիրոջ եւ Փրկչի առաքեալներիս պատուիրանքները։
3 Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։
4 Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։
5 Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը.
6 Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։
7 Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։
8 Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։
9 Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
10 Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին։
11 Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։
12 Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ տարերքը կրակ ընկած կ’հալուին։
13 Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։
14 Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ։
15 Եւ մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք. Ինչպէս մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ Աստուածանից իրան տրուած իմաստութեան պէս գրեց ձեզ։
16 Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։
17 Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։
18 Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։ |