1 Սորա համար այս պաշտօնն ունենալով, ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում,
2 Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։
3 Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։
4 Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։
5 Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին. եւ մեզ ձեր ծառաներ Յիսուսի համար։
6 Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։
7 Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից։
8 Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել.
9 Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած։
10 Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։
11 Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։
12 Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։
13 Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. Հաւատացի եւ նորա համար խօսեցի. Մենք էլ հաւատում ենք եւ սորա համար էլ խօսում ենք։
14 Գիտենալով որ Տէր Յիսուսին յարուցանողը մեզ էլ Յիսուսի հետ կ’յարուցանէ, եւ ձեզ հետ իր առաջին կ’կանգնեցնէ։
15 Որովհետեւ ամեն բան ձեզ համար է. որ շատացած շնորհքը շատերի գոհութիւնիցն՝ աւելանայ Աստուծոյ փառքի համար։
16 Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։
17 Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար,
18 Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։ |