1 Եւ առաքեալները եւ այն եղբայրները՝ որ Հրէաստանի կողմերումն էին, լսեցին որ հեթանոսներն էլ ընդունեցին Աստուծոյ խօսքը։
2 Բայց երբոր Պետրոսը վեր ելաւ Երուսաղէմ, այն հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին վիճում էին նորա դէմ,
3 Եւ ասում էին, թէ Դու անթլփատ մարդկանց մօտ մտար, եւ նորանց հետ կերար։
4 Եւ Պետրոսը սկսեց կարգով պատմել նորանց՝ եւ ասեց.
5 Ես Յոպպէ քաղաքումն աղօթք էի անում՝ եւ մտքի յափշտակութեան մէջ տեսիլք տեսայ, որ մեծ կտաւի պէս մի անօթ՝ չորս ծայրից կախուած՝ երկնքիցը վայր էր գալիս, եւ եկաւ մինչեւ ինձ մօտ։
6 Երբոր աչքս նորա մէջ գցած նայում էի, եւ տեսայ երկրի չորքոտանիները, եւ գազանները, եւ սողունները, եւ երկնքի թռչունները.
7 Եւ ձայն լսեցի, որ ասում էր ինձ. Վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։
8 Եւ ասեցի. Քաւ լիցի, Տէր. Որովհետեւ երբէք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չէ մտած։
9 Ձայնը երկնքիցն ինձ երկրորդ անգամ պատասխանեց. Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։
10 Եւ այս երեք անգամ եղաւ, եւ բոլորը դարձեալ վերացաւ երկինքը։
11 Եւ ահա շուտով երեք մարդիկ եկան կանգնեցին այն տան առաջին, ուր որ ես էի. Կեսարիայիցն ինձ մօտ ուղարկուած։
12 Եւ Հոգին ինձ ասեց, որ նորանց հետ գնամ՝ առանց խղճմտանք անելու. այս վեց եղբայրներն էլ ինձ հետ եկան, եւ մտանք այն մարդի տունը։
13 Եւ պատմեց մեզ, թէ ինչպէս տեսաւ հրեշտակն իր տանը, որ կանգնած էր՝ եւ ասում էր նորան. Ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Պետրոս կոչուած Սիմօնին.
14 Նա քեզ հետ բաներ կ’խօսի, որ նորանով կ’փրկուիս դու՝ եւ քո բոլոր տունը։
15 Եւ երբոր սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նորանց վերայ ինչպէս եւ մեզ վերայ սկզբումը։
16 Եւ ես յիշեցի Տիրոջ այն խօսքը՝ որ ասում էր. Յովհաննէսը ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք։
17 Ուրեմն՝ եթէ Աստուած միեւնոյն պարգեւը տուաւ նորանց, ինչպէս եւ մեզ, որ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ապա ես ո՞վ էի որ կարողանայի Աստուծուն արգելել։
18 Եւ երբոր լսեցին այս բաները, լռեցին եւ փառաւորում էին Աստուծուն՝ եւ ասում էին. Ուրեմն հեթանոսներին էլ Աստուած կեանքի համար ապաշխարութիւն տուաւ։
19 Եւ նորանք որ ցրուած էին այն նեղութիւնիցը, որ Ստեփաննոսի վերայ եղաւ, մինչեւ Փիւնիկէ եւ Կիպրոս եւ Անտիոքիա հասան. Եւ ոչ ոքի չէին խօսում Աստուծոյ խօսքը, բայց միայն Հրէաներին։
20 Եւ նորանցից ոմանք կային՝ Կիպրացի եւ Կիւրենացի մարդիկ, որ Անտիոք մտած խօսում էին Յոյների հետ՝ աւետարանելով Տէր Յիսուսը։
21 Եւ Տիրոջ ձեռը նորանց հետ էր. Եւ բազմաթիւ մարդիկ հաւատացին՝ եւ դէպի Տէրը դարձան։
22 Այս բանի լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցու ականջին, եւ Բառնաբասին ուղարկեցին որ գնայ մինչեւ Անտիոք։
23 Նա երբոր եկաւ, եւ Աստուծոյ շնորհքը տեսաւ՝ ուրախ եղաւ, եւ յորդորում էր ամենին՝ որ սրտի յօժարութեամբ Տիրոջ հետ մնան։
24 Որովհետեւ նա բարի եւ Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր. Եւ շատ ժողովուրդ աւելացաւ Տիրոջ համար։
25 Եւ Բառնաբասը դուրս եկաւ Տարսօն, որ Սօղոսին որոնէ, եւ նորան գտաւ բերաւ Անտիոք։
26 Եւ եղաւ որ նորանք մի բոլոր տարի ժողովվում էին եկեղեցու մէջ, եւ շատ ժողովուրդ էին սովորեցնում, եւ աշակերտներն առաջ Անտիոքումը Քրիստոնեայ անուանուեցան։
27 Եւ այն օրերումն Երուսաղէմիցը մարգարէներ իջան Անտիոք։
28 Եւ նորանցից մէկն՝ անունն Ագաբոս, վերկացաւ՝ Հոգովն իմաց տուաւ, թէ բոլոր աշխարհքի վերայ մեծ սով է լինելու, որ Կղօդիոս կայսեր ժամանակին եղաւ էլ։
29 Բայց աշակերտներն որոշեցին որ իրանցից ամեն մէկն, որքան որ կարող էր, օգնութիւն ուղարկէ Հրէաստանումը բնակուած եղբայրներին.
30 Որ արին էլ, եւ ուղարկեցին երէցների մօտ՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռովը։ |