1 Նաբուգոդոնոսոր թագաւորը մի ոսկի արձան շինեց՝ նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, լայնութիւնը վեց կանգուն. Նորան կանգնեցրեց Դուրայի դաշտումը Բաբիլոնի գաւառումը։
2 Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորը ուղարկեց որ հաւաքեն կուսակալներին, նախարարներին եւ կառավարիչներին, գլխաւոր դատաւորներին, գանձապետներին, խորհրդականներին, օրէնսգէտներին եւ գաւառների բոլոր իշխաններին, որ գան Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին։
3 Այն ժամանակ ժողովուեցան կուսակալները, նախարարները եւ կառավարիչները, գլխաւոր դատաւորները, գանձապետները, խորհրդականները, օրէնսգէտները եւ գաւառների բոլոր իշխանները Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին, եւ կանգնեցին այն արձանի առաջին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։
4 Եւ մունետիկը կանչում էր ուժով. Ձեզ են ասում, ով ժողովուրդներ, ազգեր եւ լեզուներ,
5 Երբոր լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագաւորը։
6 Եւ ով որ չընկնէ եւ երկրպագութիւն չանէ, իսկոյն պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։
7 Ուրեմն երբոր լսեցին բոլոր ժողովուրդները փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնում էին բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները եւ երկրպագութիւն էին անում այն ոսկի արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագաւորը։
8 Այս պատճառով այն ժամանակին մօտեցան մի քանի Քաղդէացի մարդիկ եւ չարախօսութիւն արին Հրէաներից.
9 Խօսեցին եւ ասեցին Նաբուգոդոնոսոր թագաւորին.
10 Յաւիտեան կաց, արքայ. Դու, ով թագաւոր, հրաման արիր որ ամեն մարդ, որ լսէ փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնէ եւ երկրպագութիւն անէ ոսկի արձանին.
11 Եւ ով որ չընկնէ եւ երկրպագութիւն չանէ, պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։
12 Մի քանի Հրէայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբիլոնի գաւառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. Այս մարդիկը քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում։
13 Այն ժամանակը Նաբուգոդոնոսորը սրտմտութեամբ եւ բարկութեամբ հրամայեց որ բերեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ այն ժամանակը բերին այն մարդկանցը թագաւորի առաջին։
14 Նաբուգոդոնոսորը նորանց պատասխան տուաւ եւ ասեց. Նպատակո՞վ է, ով Սեդրաք, Միսաք եւ աբեդնագով, որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում։
15 Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. Բայց եթէ երկրպագութիւն չանէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը. Եւ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։
16 Եւ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Մենք պէտք չունինք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով նաբուգոդոնոսոր։
17 Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. Եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կազատէ։
18 Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում։
19 Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով, եւ նորա երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վերայ, պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։
20 Եւ տղամարդիկների՝ զօրաւոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։
21 Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը։
22 Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը.
23 Եւ այս երեք մարդիկը՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջը կապուած։
24 Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. Նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։
25 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չկայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։
26 Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։
27 Եւ ժոցովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չկար նորանց վերայ։
28 Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չպաշտեն եւ չերկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։
29 Եւ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծոյ դէմ, պիտի կտոր կտոր յօշատուի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնայ, որովհետեւ չկայ մի ուրիշ ասոտւած որ կարող լինի այսպէս ազատել։
30 Այն ժամանակ թագաւորը յաջողութիւն տուաւ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին բաբիլոնի գաւառումը։ |