1 Ոհ թէ ճեղքէիր երկինքը՝ վայր իջնէիր. քո առաջը սարերը պիտի հալուէին՝
2 Ինչպէս կրակով վառվում է խռիւը, եւ ջուրը եփում՝ կրակով. Որ իմացնէիր քո անունը քո թշնամիներին, եւ քո երեսից դողային ազգերը։
3 Երբոր դու արիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, եւ իջար, քո երեսից սարերը հալուեցան։
4 Եւ յաւիտենից ի վեր չէ լսուած եւ ականջի չէ հասած, աչք էլ չէ տեսել, որ քեզանից բաց մէկ ուրիշ աստուած այսպիսի բաներ անէր իրան յուսացողներին։
5 Դու հասնում ես ուրախ եղողին եւ արդարութիւն անողին, որ յիշում են քեզ քո ճանապարհներումը. Ահա դու բարկացար, եւ մենք յանցաւոր էինք. յաւէտ դորանցում ենք գտնվում. Մի՞թէ մենք կփրկուինք։
6 Եւ մենք ամենքս պիղծ բանի պէս ենք դառել, եւ դաշտանի շորի պէս է մեր ամեն արդարութիւնը, եւ տերեւի պէս մենք ամենքս թոռոմել ենք, եւ մեր յանցանքները քամիի պէս վեր են առնում մեզ։
7 Եւ քո անունը կանչող չկայ, մէկ զարթնող՝ որ քեզանով զօրանար. Որովհետեւ դու ծածկել ես քո երեսը մեզանից, եւ մեզ մաշեցնում ես մեր անօրէնութիւնների միջոցովը։
8 Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կաւն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս։
9 Խիստ մի բարկանար, ով Տէր, եւ մի յաւիտեան յիշիր անօրէնութիւնը, ահա նայիր մէկ, ամենքս քո ժողովուրդն ենք։
10 Քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիօնը անապատ է դառել, Երուսաղէմը՝ աւերակ։
11 Մեր սրբութեան եւ մեր փառաց տունը, որի մէջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել. Եւ մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։
12 Այս բաների վերայ պիտի զսպե՞ս քեզ, ով Տէր, պիտի լռե՞ս եւ մեզ անչափ նեղե՞ս։ |