1 Իջիր ու նստիր հողի վերայ, ով Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով Քաղդէացիների աղջիկ, որովհետեւ այլ եւս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու։
2 Առ երկանքը եւ ալիւր աղա, լաչակդ բաց, քղանցքդ վեր բարձրացրու, սրունքդ բաց արա, անցիր գետերով։
3 Պիտի բացուի քո մերկութիւնը, պիտի երեւայ քո նախատինքը. վրէժ պիտի առնեմ, եւ չեմ խնայելու մարդի։
4 Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը։
5 Լուռ նստիր եւ մտիր խաւարի մէջ, ով Քաղդէացիների աղջիկ. որովհետեւ այլ եւս քեզ թագաւորութիւնների տիկին չեն կոչելու։
6 Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. Դու նորանց գթութիւն չարիր, ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը։
7 Եւ ասեցիր՝ Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. Այնպէս որ այս միտք չարիր, սորա վախճանը չյիշեցիր։
8 Եւ հիմա լսիր այս, ով հեշտասէրդ, որ անհոգութեամբ նստել ես. Որ սրտիդ մէջ ասում ես. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ. որբեւայրի պիտի չնստեմ, եւ անզաւակութիւն պիտի չգիտենամ։
9 Բայց քեզ վերայ գալու են այս երկուսը յանկարծ մէկ օրուայ մէջ՝ անզաւակութիւն եւ որբեւայրութիւն. Սորանք բոլորը գալու են քեզ վերայ քո շատ դիւթութիւնների պատճառով, եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար։
10 Եւ դու ապաւինեցիր քո չարութեանը, ասեցիր՝ Ինձ տեսնող չկայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չկայ։
11 Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. Եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. Եւ քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու։
12 Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. Գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես։
13 Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։
14 Ահա նորանք մղեղի պէս են դառել. Կրակը պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար։
15 Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չկայ։ |