1 Այն ժամանակը Բաղադանի որդի Մարովդաք-բաղադանը՝ Բաբիլոնի թագաւորը՝ նամականիք եւ ընծայ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թէ հիւանդ էր եւ առողջացել է։
2 Եւ Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. Մէկ բան չկար որ եզեկիան ցոյց տուած չլինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը։
3 Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ եզեկիան ասեց. Հեռու երկրից՝ Բաբիլոնից են եկել ինձ մօտ։
4 Եւ նա ասեց. Ի՞նչ տեսան քո տանը։ Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ տանս մէջ՝ տեսան. Մի բան չկայ որ ցոյց տուած չլինեմ նորանց իմ գանձարանումը։
5 Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Զօրաց Տիրոջ խօսքը։
6 Ահա օրեր կգան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. Մէկ բան պիտի չմնայ ասում է Տէրը։
7 Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կգան, որոնց դու կծնես, կառնեն, եւ նորանք ներքինիներ կդառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը։
8 Եւ Եզեկիան Եսայիային ասեց. Տիրոջ խօսքը՝ որ դու ասեցիր, բարի է. Եւ ասեց. Որովհետեւ իմ օրերումը խաղաղութիւն եւ ապահովութիւն պիտի լինի։ |