1 Դամասկոսի պատգամը։ Ահա Դամասկոսը դադարում է քաղաք լինելուց, եւ պիտի դառնայ փլատակների շեղջ։
2 Թողուած ձգուած են Արոերի քաղաքները. Նորանք հօտերինն են դառնալու, որ նորանք մակաղ տան եւ վախեցնող չլինի։
3 Եւ նա վեր է առնում Եփրեմից պարիսպը, եւ թագաւորութիւնը՝ Դամասկոսից եւ Ասորիների մնացորդիցը. Իսրայէլի որդկանց փառքի պէս պիտի լինեն, ասում է Զօրաց Տէրը։
4 Եւ այն օրը կլինի, որ պիտի պակասէ Յակոբի փառքը, եւ նորա մարմնի պարարտութիւնը պիտի նիհարանայ։
5 Եւ կլինի ինչպէս որ հնձողը ցորենը հնձում է, եւ նորա բազուկը հնձում է հասկերը. Եւ հասկեր ժողովելու պէս է լինելու Ռափայնոց հովիտումը։
6 Բայց նորա վերայ ճիռեր պիտի մնան, ինչպէս որ ձիթենին թափում են, որ երկու երեք հատ լինում է ճիւղի ծայրին, մի չորս ու հինգը՝ պտղաբեր ոստի վերայ, ասում է Իսրայէլի Եհովայ Աստուածը։
7 Այն օրը մարդս մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին։
8 Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը։
9 Այն օրը նորա ամուր քաղաքներն անտառների եւ լեռնագագաթների աւերակներ պիտի լինեն, որ թողեցին իսրայէլի որդկանց առաջին եւ անապատ է դառնալու։
10 Որովհետեւ դու մոռացել ես քո փրկութեան Աստուծուն. Եւ քո զօրութեան Վէմին չես յիշել. Նորա համար հաճելի տունկեր էին տնկում, եւ օտար որթի ճիւղեր էին տնկում։
11 Տնկած օրդ նորան ցանկապատեցիր, եւ առաւօտանց բուսցրիր քո ցանածը. դա մի հունձքի դէզ է վէրքի օրումը, եւ սաստիկ ցաւ՝՝։
12 Վա՜յ շատ ժողովուրդների բազմութեանը, որ գոռում են ծովերի գոռումի պէս, եւ ժողովուրդների աղմուկին, որ աղմուկ են հանում սաստիկ ջրերի աղմուկի պէս։
13 Ազգերը շատ ջրերի աղմուկի պէս աղմուկ են հանում, բայց նա նորան յանդիմանելու է, որ նա էլ հեռու փախչէ, եւ հալածուի սարերի մղեղին պէս քամիի առաջից, եւ ինչպէս փոշին՝ մրրկի առաջից։
14 Իրիկուայ ժամանակին, ահա խռովութիւն, եւ առաւօտից առաջ, չիք են դառել։ Սա է մեզ կողոպտողների բաժինը, եւ մեզ յափշտակողների վիճակը։ |