1 Որդեակս, պահիր իմ խօսքերը, եւ իմ պատուիրանքները թագցրու քեզ մօտ։
2 Պահիր իմ պատուիրանքները որ ապրես, եւ իմ օրէնքը՝ քո աչքի բիբին պէս։
3 Քո մատներին կապիր նորանց, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։
4 Իմաստութեանն ասիր. «Իմ քյրն ես.» եւ հանճարին «Ծանօթ» կանչիր։
5 Որ քեզ պահէ օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խօսքերը շողոքորթում են։
6 Որովհետեւ իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։
7 Եւ տեսայ անմիտների մէջ եւ նկատեցի երիտասարդ պատանիների մէջ մէկ պակասամիտին,
8 Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց,
9 Օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերուայ խաւարը կոխել էր։
10 Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով.
11 Նա աղաղակող էր եւ սանձակոտոր. նորա ոտները չէին կենում իր տանը։
12 Երբեմն դուրսը, երբեմն հրապարակներումը, եւ ամեն անկիւնի մօտ դարանամուտ էր լինում։
13 Եւ սա բռնեց նորան եւ համբուրեց նորան, երեսը պնդացրեց եւ ասեց նորան.
14 Ես խաղաղութեան զոհեր պիտի անէի, այսօր կատարել եմ իմ ուխտերը.
15 Նորա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու եւ գտայ քեզ.
16 Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, Եգիպտոսի երփներանգ հիւսուածքով,
17 Ննջարանիս մէջ զմուռս, հալուէ եւ կինամոն եմ խնկել։
18 Եկ տռփանքով զուարճանանք մինչեւ առաւօտ եւ զմայլինք սիրով.
19 Որովհետեւ մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել.
20 Փողի քսակն առել է իր մօտը. Լուսնի լրման օրն է տուն գնալու։
21 Այսպէս իր շատ խօսքերովը հրապուրեց նորան, իր շրթունքների շողոքորթութիւնովը քշեց տարաւ նորան.
22 Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կգնայ սպանդանոցը, եւ ինչպէս գիժը՝ դէպի շղթայով պատժուիլը։
23 Մինչեւ որ նետը ճեղքէ նորա լեարդը, ինչպէս որ թռչունը շտապում է դէպի ծուղակը, եւ չգիտէ որ նա իր հոգիին համար է։
24 Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ, եւ ուշադրութիւն արէք իմ բերանի խօսքերին։
25 Թող սիրտդ չխոտորուի դէպի նորա ճանապարհները, եւ մի մոլորուիր նորա շաւիղներումը։
26 Որովհետեւ նա շատերին է խոցոտել ու վայր գցել, եւ ամեն նորա սպանածները զօրաւոր էին։
27 Դժոխքի ճանապարհներն է նորա տունը, որ իջնում են, մահուան սենեակները։ |