1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Ականջ դրէք, լսեցէք խօսքս, եւ սա լինի ձեր մխիթարութիւնը.
3 Ինձ համբերեցէք, որ ես խօսեմ, եւ իմ խօսելուց յետոյ, ծաղրիր։
4 Ես որ կամ՝ մի՞թէ մարդի հետ է իմ վէճը, եւ ի՞նչու համար սիրտս չնեղանայ։
5 Ինձ մտիկ արէք, եւ ապշեցէք, եւ ձեռքներդ դրէք բերաններիդ:
6 Եւ հէնց որ յիշում եմ՝ զարհուրում եմ, եւ դողը բռնում է մարմինս:
7 Ինչու՞ են ապրում ամբարիշտները, ծերանում եւ զօրանում ոյժով:
8 Նորանց սերունդը հաստատ է նորանց հետ նորանց առաջին, եւ նորանց զաւակունքը՝ նորանց աչքի դէմ:
9 Նորանց տունը ապահով է երկիւղից, եւ Աստուծոյ գաւազանը նորանց վերայ չէ:
10 Նորա եզը զուգաւորվում է, եւ դուրսը չի գցում. նորա կովը ծնում է եւ չի վիժում:
11 Նորանք իրանց մանուկներին ոչխարի հօտի պէս են դուրս հանում, եւ նորանց տղերքը ոստոստում են:
12 Ձայները բարձրացնում են թմբուկով եւ քնարով, եւ ուրախանում են սրնգի ձայնովը:
13 Նորանք իրանց օրերը զուարճութիւնով են անցկացնում. եւ մէկ վայրկեանում գերեզմանը կ'իջնեն:
14 Սակայն Աստուծուն ասում են. Քաշուիր մեզանից, եւ քո ճանապարհների գիտութիւնը չենք ուզում:
15 Ի՞նչ է Ամենակարողը, որ նորան ծառայենք, եւ ի՞նչ է մեր օգուտը, որ նորան դիմենք:
16 Տես՝ նորանց բարիքն իրանց ձեռքին չէ. ամբարիշտների խորհուրդը հեռու լինի ինձանից:
17 Ամբարիշտների ճրագը քանի՜ անգամ կ'հանգչի, եւ նորանց վերայ կը գայ իրանց տառապանքը. նորանց համար Նա ցաւեր կ'բաժանէ իր բարկութեամբը:
18 Նորանք կ'դառնան ինչպէս յարդ քամիի առաջին, եւ ինչպէս մղեղ, որին յափշտակել է մրրիկը:
19 Ասում ես՝ Աստուած նորա յանցանքը պահում է նորա որդկանցը համար. թող նորան իրան հատուցանէ, որ նա հասկանայ:
20 Թող իր աչքերը տեսնեն իր կորուստը, եւ թող նա խմէ Ամենակարողի բարկութիւնիցը.
21 Որովհետեւ նա ի՞նչ պիտի զուարճանայ իր տունովն իրանից յետոյ, երբոր նորա ամիսների թիւը կտրուած է:
22 Մի՞թէ կարելի է Աստուծուն գիտութիւն ուսուցանել, որ նա բարձրերին դատում է:
23 Մէկը մեռնում է իր կատարելութեան մէջտեղը, բոլորովին հանդարտ եւ հանգիստ.
24 Նորա անօթները լիքն են կաթով, եւ նորա ոսկորների ծուծը հիւթալի է:
25 Իսկ միւսը մեռնում է դառն հոգով, եւ բարիք չէ ճաշակել:
26 Բայց մէկտեղ են պառկում հողին վերայ, եւ որդերը ծածկում են նորանց:
27 Ահա գիտեմ ձեր խորհուրդները. եւ այն նենգութիւնները՝ որ հնարել էք ինձ դէմ:
28 Որ ասում էք. Ու՞ր է ազնուականի տունը. եւ ու՞ր է ամբարիշտների բնակութիւնների վրանը:
29 Չ՞էք հարցրել ճանապարհորդներին, եւ նորանց նշանները չ՞էք հասկանում.
30 Թէ կորստեան օրը չարը պահպանվում է, բարկութեան օրը նորանք դէն են քշվում:
31 Ո՞վ կ'իմացնէ նորա երեսին նորա ճանապարհը, եւ նա անելիս՝ ո՞վ կը հատուցանէ նորան:
32 Եւ նա տարվում է գերեզմանանոցը, եւ նորա տապանի վերայ պահապան են գնում:
33 Քաղցր են նորա համար հովտի կոշտերը, եւ նորա ետեւից հետեւում են բոլոր մարդիկը, եւ նորանից առաջիններին թիւ չ'կայ:
34 Եւ ինձ ի՜նչպէս էք մխիթարում փուճ բանով, եւ ձեր պատասխաններումը մնում է ստութիւն: |