1 Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2 Ես սորանց նման շատ բաներ եմ լսել, դուք ամենքդ ձանձրացուցիչ մխիթարողներ էք։
3 Մի՞թէ վերջ կայ դարտակ խօսքերին, կամ թէ քեզ ի՞նչ է գրգռում որ պատասխանես։
4 Ես էլ ձեզ նման կխօսէի, եթէ ձեր հոգին իմ հոգիի տեղը լինէր. Ձեզ դէմ խօսքեր կշարադրէի, եւ գլուխս կշարժէի ձեզ վերայ.
5 Ձեզ կքաջալերէի իմ բերանովը, եւ իմ շրթունքների շարժումը կսփոփէր։
6 Թէ խօսեմ էլ՝ ցաւս չի փարատուիլ. Եւ լռեմ էլ՝ ի՞նչ կգնայ ինձանից։
7 Բայց հիմա նա ինձ հոգնեցրել է. Դու ամայի ես արել իմ բոլոր ընտանիքը։
8 Դու ինձ խորշոմացրել ես, սա վկայութիւն է դառել. Եւ իմ նիհարութիւնն ինձ դէմ վեր է կացել, երեսիս յանդիմանում է ինձ։
9 Նորա բարկութիւնը պատառում է եւ թշնամանում ինձ դէմ. նա կրճատում է ինձ վերայ իր ատամներովը, իբրեւ իմ թշնամի սրել է աչքերը ինձ դէմ։
10 Իրանց բերանը բացել են ինձ վերայ. նախատինքով խփում են ծնօտներիս, մէկտեղ ժողովուել են ինձ դէմ։
11 Աստուած ինձ մատնել է անզգամին, եւ ինձ գցել է չարերի ձեռքը։
12 Հանգիստ էի ես, բայց նա ինձ փշուր փշուր արաւ, եւ բռնեց վզիցս ու ջախջախեց ինձ, եւ ինձ նշան շինեց իրան համար։
13 Ինձ շրջապատեցին նորա աղեղնաւորները, նա ճղոտում է իմ երիկամունքներն ու չէ խնայում. Լեղիս գետինն է թափում։
14 նա ինձ պատառում՝ պատառ պատառ է անում. Քաջազունի պէս ինձ վերայ է յարձակվում։
15 Քուրձ փակցրի ես իմ մորթի վերայ, եւ իմ եղջիւրը հողով աղտոտեցի։
16 Երեսս կարմրոտել է լալուցս. Եւ արտեւանունքիս վերայ մահուան ստուեր կայ,
17 Թէեւ ձեռքերումս անօրէնութիւն չկայ, եւ աղօթքս մաքուր է։
18 Երկի՜ր, մի ծածկիր իմ արիւնը. Եւ թող տեղ չլինի իմ աղաղակին։
19 Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան, եւ իմ փաստաբանը բարձրերումն է։
20 Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են. Իմ աչքն արտասվում է դէպի Աստուած.
21 Որ վճռէր մարդիս համար Աստուծոյ դէմ, եւ մարդի որդիին՝ իր ընկերի դէմ։
22 Որովհետեւ այս մի քանի տարիները կվերջանան, եւ ես կգնամ այն ճանապարհը, որով ետ չեմ դառնալ։ |