1 Եւ Աննան աղօթք արաւ եւ ասեց. Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը, Իմ եղջիւրը բարձրացաւ Տէրով. Բերանս իմ թշնամիների վերայ լայնացաւ, Որովհետեւ քո փրկութիւնովն ուրախացայ։
2 Տիրոջ պէս սուրբ չկայ, որովհետեւ քեզանից ջոկը չկայ, Եւ մեր Աստուծոյ պէս վէմ չկայ։
3 Այլ եւս հպարտութիւնով մի պարծենաք, Եւ ձեր բերանից մեծաբանութիւն դուրս չգայ, Որովհետեւ Տէրը գիտութիւնների Աստուածն է, Եւ նա կշռում է գործքերը։
4 Զօրաւորների աղեղները կոտրվում են, Բայց տկարները ոյժ են հագնում։
5 Կուշտերը հացի համար վարձկան եղան, Բայց սովածները դադարեցին սովելուց. Քանի որ ամուլը եօթը զաւակ ծնեց, Բայց շատ զաւակ ունեցողը տկարացաւ։
6 Տէրն է մեռցնողը եւ կենդանացնողը, Գերեզման իջեցնողը եւ վեր հանողը։
7 Տէրն է աղքատացնողը եւ հարստացնողը, Ցածացնողը եւ բարձրացնողը։
8 Նա կանգնեցնում է աղքատին փոշիից, Եւ աղբիւսից բարձրացնում է կարօտին, Որ իշխանների հետ նստեցնէ, Եւ փառքի աթոռը նորանց ժառանգեցնէ, Որովհետեւ երկրի հիմերը Տիրոջն են, Եւ աշխարհը նորանց վերայ նա հաստատեց։
9 Նա կպահէ իր սուրբերի ոտքերը. Բայց չարագործները մութի մէջ կպապանձուեն. Որովհետեւ մարդը ուժով յաղթող չէ։
10 Տիրոջ դէմ հակառակողները կփշրուին. Նա երկինքիցը նորանց վերայ կորոտայ. Տէրը կդատէ երկրիս ծայրերը, Եւ ոյժ կտայ իր թագաւորին, Եւ իր օծեալի եղջիւրը կբարձրացնէ։
11 Եւ Եղկանան գնաց Ռամա իր տունը. Եւ մանուկը Հեղի քահանայի առաջին Տիրոջը ծառայութիւն էր անում։
12 Եւ Հեղիի որդիքը չար զաւակներ էին, Տիրոջը չէին ճանաչում։
13 Եւ քահանաների սովորութիւնը այս էր ժողովրդի մասին, որ երբոր մէկը զոհ մատուցանէր, միսը եփելիս՝ գալիս էր քահանայի սպասաւորը երեքժանի մսահանը ձեռքին.
14 Եւ կոխում էր այն կաթսայի կամ սանի կամ եփարանի կամ պտուկի մէջ, եւ մսահանը ինչ որ հանէր, քահանան այն վեր էր առնում իր համար։ նորանք այսպէս էին անում Սելովումը բոլոր այնտեղ եկող Իսրայէլացիներին։
15 Նաեւ ճարպը այրելուց առաջ՝ քահանայի սպասաւորը գալիս էր, եւ ասում զոհ անող մարդին, խորովելու միս տուր քահանայի համար, որովհետեւ նա քեզանից եփած միս չի առնիլ, այլ հում։
16 Եւ այն մարդը երբոր ասէր թէ Թող հիմա ճարպն այրեն, եւ յետոյ սրտիդ ուզածի չափ առ. Այն ժամանակ ասում էր. Ոչ, հիմա տուր, եթէ ոչ բռնի կառնեմ։
17 Եւ այն երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջին. Որովհետեւ այդ մարդիկը արհարմարհում էին Տիրոջ զոհը։
18 Եւ Սամուէլ մանուկը քթանի եփուդ հագած ծառայութիւն էր անում Տիրոջ առաջին։
19 Եւ նորա մայրը տարուց տարի պզտիկ պատմուճան էր շինում նորա համար եւ բերում նորա համար, երբոր իր մարդի հետ վեր էր գալիս տարեկան զոհը անելու։
20 Եւ Հեղին Եղկանային եւ նորա կնկան օրհնելով ասեց. Տէրը քեզ այս կնկանից զաւակներ տայ Տիրոջը փոխ տրուածի փոխարէն. Եւ նորանք գնացին իրանց տեղը։
21 Եւ Տէրը այցելութիւն արաւ Աննային, որ յղացաւ եւ երեք տղայ եւ երկու աղջիկ ծնեց. Սամուէլ մանուկն էլ մեծացաւ Տիրոջ առաջին։
22 Եւ Հեղին շատ ծերացել էր. Եւ լսում էր այն ամենն ինչ որ նորա որդիքն անում էին բոլոր Իսրայէլին, եւ ինչպէս նորանք ժողովքի խորանի առաջին խումբերով ժողովուած կանանց հետ քնում էին։
23 Եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք անում այսպիսի բաները. Որովհետեւ ես այս բոլոր ժողովրդի բերանիցը ձեզ համար չար խօսքեր եմ լսում։
24 Չէ, որդիքս, որովհետեւ լաւ չէ այն լուրը որ ես լսում եմ ձեր մասին. Դուք Տիրոջ ժողովրդին մոլորացնում էք։
25 Եթէ մարդ մարդի դէմ մեղք գործէ, նորա դատաստանը Աստուած կկտրէ. Բայց եթէ մարդ Տիրոջ դէմ մեղք գործէ, նորա համար ո՞վ աղաչանք կանէ։ Սակայն նորանք իրանց հօր խօսքին մտիկ չէին անում, որովհետեւ Տէրը ուզում էր նորանց մեռցնել։
26 Եւ Սամուէլ մանուկը օրէցօր մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը։
27 Եւ Աստուծոյ մէկ մարդը Հեղիի մօտ եկաւ, եւ նորան ասեց. Տէրը այսպէս է ասում. Ես յայտնապէս երեւեցայ քո հօր տանը, երբոր նորանք Եգիպտոսումը Փարաւօնի տանն էին.
28 Եւ Իսրայէլի բոլոր ցեղերիցը նորան ինձ համար քահանայ ընտրեցի որ իմ սեղանի վերայ ելնէ, խունկ ծխէ, եւ իմ առաջին եփուդ հագնէ. Եւ Իսրայէլի որդկանց բոլոր պատարագները տուի քո հօր տանը։
29 Ի՞նչու էք անարգում իմ զոհերը եւ ընծաները, որ ես պատուիրեցի իմ տան համար, եւ քո որդիներին ինձանից աւելի ես պատուում, որ ձեզ գիրացնէք իմ ժողովուրդ Իսրայէլի ընտիր զոհերովը։
30 Սորա համար Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում. Իրաւ ասել էի, որ քո տունը եւ քո հօր տունը գնան իմ առաջին յաւիտեան. Բայց հիմա Տէրն ասում է. Քաւ լիցի. Որովհետեւ ես ինձ փառաւորողներին կփառաւորեմ, եւ ինձ արհամարհողները կանարգուին։
31 Ահա օրեր կգան, որ կկտրեմ քո բազուկը եւ քո հօր տան բազուկը, որ քո տան մէջ ծեր չլինի։
32 Եւ դու տան մէջ դժբաղդութիւն կտեսնես՝ մինչդեռ Իսրայէլն ամեն տեսակ բարութիւն կվայելէ, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինիլ։
33 Եւ քո սեունդից մարդ չեմ կտրիլ իմ սեղանիցը, քո աչքերը նուաղեցնելու եւ քո սիրտը վշտացնելու համար, եւ քո տան զարգացածները բոլորը չափահաս կմեռնեն։
34 Եւ այս քեզ նշան լինի՝ ինչ որ պիտի գայ քո երկու որդկանց Ոփնիի եւ Փենէհէսի վերայ՝ երկուսն էլ մէկ օրում պիտի մեռնեն։
35 Եւ ինձ համար մէկ հաւատարիմ քահանայ պիտի հանեմ, որ բոլոր իմ սրտի եւ հոգիի միջի եղածը կատարէ, եւ նորա համար հաւատարիմ տուն կշինեմ. Եւ նա միշտ իմ օծեալի առաջին կգնայ։
36 Եւ քո տանիցն ով որ մնայ, մի կտոր արծաթի համար եւ մի նկանակ հացի համար կգայ նորան երկրպագութիւն կանէ, եւ կասէ. Աղաչում եմ, ինձ մէկ քահանայական պաշտօնի վերայ դիր որ մի պատառ հաց ուտեմ։ |