1 Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայումն երդում էին արել եւ ասել. Թէ Մեզանից ոչ ով իր աղջիկը բենիամինցիի կին չտայ։
2 Եւ ժողովուրդը գնաց Բեթէլ եւ այնտեղ Աստուծոյ առաջին մինչեւ իրիկուն նստեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով՝ մեծ լացով լաց եղան,
3 Եւ ասեցին. Ով իսրայէլի Տէր Աստուած, ի՞նչու համար պատահեց այս բանը Իսրայէլի մէջ, որ այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ պակաս է։
4 Եւ հետեւեալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, եւ այնտեղ սեղան շինեցին, եւ ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցրին։
5 Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Ո՞վ է որ իսրայէլի ամեն ցեղերիցը վեր չգնայ ժողովքի հետ Տիոջ առաջը. որովհետեւ Տիրոջ առաջը Մասփա վեր չգնացող մարդի համար մեծ երդում էին արել, ասելով թէ՝ Նա անպատճառ պիտի մեռնէ։
6 Այն ժամանակ իսրայէլի որդիքն իրանց եղբօր Բենիամինի համար ցաւելով ասեցին. Այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ բնաջինջ եղաւ։
7 Այս մնացածներին ի՞նչ անենք կնիկների մասին. Որովհետեւ մենք Տիրոջ անունովը երդում արինք որ մեր աղջիկներից նորանց կին չտանք։
8 Եւ ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ցեղերիցը վեր չգնաց Տիրոջ առաջը Մասփա. Եւ ահա Գաղաադի Յաբիսիցը ոչ մի մարդ չէր եկած բանակը և ժողովքը։
9 Եւ ժողովուրդը հանդիսացաւ. Եւ ահա նորանց մէջ Գաղաադի Յաբիսի բնակիչներիցը մարդ չգտնուեցաւ։
10 Այն ժամանակ ժողովքը շատ զօրաւորներից տասնեւերկու հազար մարդ ուղարկեցին այնտեղ, եւ նորանց պատուիրելով ասեցին. Գնացէք, եւ Գաղաադի Յաբիսի բնակիչներին սուրի բերանով զարկեցէք, կանանցն էլ տղերանցն էլ։
11 Եւ այս է ձեր անելիքը. Ամեն արու եւ արուի անկողին գիտացող ամեն կին փչացրէք։
12 Եւ Գաղաադի Յաբիսի բնակիչների մէջ չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին, եւ արու չգիտէին, եւ նորանց Քանանի երկրի մէջ Սելովի բանակը բերին։
13 Եւ բոլոր ժողովքը մարդ ուղարկելով Ռեմօնի վէմումն եղող Բենիամինի որդկանց հետ խօսեցին եւ նորանց խաղաղութեան հրաւիրեցին։
14 Եւ այն ժամանակ Բենիամինեանք ետ դառան. Եւ այն կանայքը տուին նորանց որ ողջ էին թողել Գաղաադի Յաբիսի կանանցից. Բայց նորանց համար բաւական չեղան։
15 Եւ ժողովուրդը Բենիամինի համար ցաւեց. Որ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ խրամատութիւն արաւ։
16 Եւ ժողովքի ծերերն ասեցին. Մնացածներին ի՞նչ անենք կանանց մասին. Որովհետեւ Բենիամինի կանայքը կորան։
17 Եւ ասեցին. Ողջ մնացող Բենիամինեանց համար ժառանգութիւն թող մնայ. Որ Իսրայէլիցը մի ցեղ բնաջինջ չլինի։
18 Եւ մենք մեր աղջկերքից չենք կարող նորանց կին տալ. որովհետեւ Իսրայէլի որդիքը երդում արին ասելով. Բենիամինին կին տուողը անիծեալ լինի։
19 Եւ ասեցին. Ահա տարուց տարի Տիրոջ տօնախմբութիւն է լինում Սելովի մէջ, որ Բեթէլի հիւսիսային կողմին, եւ Բեթէլից Սիւքէմ վեր գնացող ճանապարհի արեւելեան կողմին, եւ Ղեբօնայի հարաւային կողմին է։
20 Եւ Բենիամինի որդկանցը պատուիրելով՝ ասեցին. Գնացէք, այգիներումը թաք կացէք։
21 Եւ երբոր տեսնէք, որ Սելովի աղջկերքը պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներիցը դուրս եկէք, եւ ձեր ամեն մէկն իր համար Սելովի աղջկերքիցը կին յափշտակեցէք, եւ Բենիամինի երկիրը գնացէք։
Benjamites Taking Wives 22 Եւ եթէ նորանց հայրերը կամ եղբայրները գան մեզ հետ կռուելու, նորանց կասենք թէ Նորանց մեզ շնորհեցէք, որովհետեւ մենք պատերազմումը նորանց ամենի համար կին չպահեցինք. Եւ հիմա որ դուք չտաք նորանց յանցաւոր կլինէք։
23 Եւ Բենիամինի որդիքը այնպէս արին, եւ իրանց թիւին չափ պար բռնածներիցը կանայք յափշտակելով՝ առան եւ գնացին ետ դառան իրանց ժառանգութիւնը, եւ քաղաքներ շինեցին եւ նորանց մէջ բնակուեցան։
24 Եւ այն ժամանակ Իսրայէլի որդիքն այնտեղից ամեն մարդ իր ցեղի ու իր ազգատոհմի մօտ գնաց. Եւ ամեն մարդ այնտեղից դուրս գնաց դէպի իր ժառանգութիւնը։
25 Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չկար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։ |