1 Եւ Մովսէսը գնաց եւ խօսեց այս խօսքերը բոլոր իսրայէլի հետ,
2 Եւ նորանց ասեց. Ես այսօր հարիւր քսան տարեկան եմ, այլ եւս դուրս գալու եւ մտնելու կարողութիւն չունեմ. Եւ Եհովան ինձ ասեց. Դու այս Յորդանանովը չես անց կենալ.
3 Քո Եհովայ Աստուածն ինքը քո առաջը կանցնէ, եւ նա կկորցնէ այս ազգերն քո առաջիցը, եւ դու նորանց կտիրես. Յեսուն կանցնէ քո առաջը ինչպէս որ Եհովան ասել է։
4 Եւ Եհովան նորանց այնպէս կանէ, ինչպէս որ արաւ Ամօրհացիների Սեհոն եւ Ովգ թագաւորներին եւ նորանց երկրին, որ նորանց բնաջինջ արաւ։
5 Եւ Եհովան նորանց ձեր ձեռքը կտայ, եւ նորանց անէք այն ամեն պատուիրանքի պէս, որ ես ձեզ պատուիրեցի։
6 Ուժովացէք եւ քաջ եղէք, մի վախենաք եւ նորանց երեսիցը մի զարհուրիք. Որովհետեւ քո Եհովայ Աստուածն ինքն է քեզ հետ գնում. նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ։
7 Եւ Մովսէսը Յեսուին կանչեց, եւ ասեց նորան բոլոր Իսրայէլի առաջին. Ուժովացիր եւ քաջ եղիր. Որովհետեւ դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Եհովան նորանց հայրերին երդում արաւ որ նորանց տայ. Եւ դու նորանց ժառանգութիւն ես տալու։
8 Եւ քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, նա քեզ հետ է լինելու նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. Մի վախենար եւ մի զարհուրիր։
9 Եւ Մովսէսը գրեց այս օրէնքը, եւ տուաւ Ղեւիի որդի այն քահանաներին, որ Եհովայի ուխտի տապանակը վեր են առնում, եւ Իսրայէլի բոլոր ծերերին։
10 Եւ Մովսէսը նորանց պատուիրեց եւ ասեց. Ամեն եօթներորդ տարին՝ թողութեան տարուայ ժամանակին՝ տաղաւարահարաց տօնին,
11 Երբոր բոլոր Իսրայէլը կգայ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու նորա ընտրած տեղը, այս օրէնքը կարդաս բոլոր Իսրայէլի առաջին, որ լսեն։
12 Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը եւ քո օտարականը, որ քո դռներումն է, որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն.
13 Եւ նորանց տղերքը, որ չեն գիտում, կլսեն եւ կսովորեն ձեր Եհովայ Աստուածանից վախենալը, բոլոր այն օրերումը որ կապրէք այն երկրի վերայ՝ որ Յորդանանով անցնում էք այնտեղ նորան ժառանգելու։
14 Եւ Եհովան Մովսէսին ասեց. Ահա օրերդ մօտեցել են որ մեռնես. Յեսուին կանչիր, եւ ժողովքի խորանի մէջ ներկայացէք, որ նորան պատուէր տամ։ Եւ Մովսէսը եւ Յեսուն գնացին եւ ժողովքի խորանի մէջ ներկայացան։
15 Եւ Եհովան ամպի սիւնով խորանումը երեւեցաւ, եւ ամպի սիւնը խորանի դռան վերայ կանգնեց։
16 Եւ Եհովան Մովսէսին ասեց. Ահա դու քո հայրերի հետ կննջես, եւ այս ժողովուրդը վեր է կենալու եւ շնութիւն է անելու օտար աստուածների ետեւից ուր որ գնում է, եւ ինձ թողելու է եւ խափանելու է իր հետ արած ուխտս։
17 Եւ այն օրը իմ բարկութիւնը նորանց վերայ պիտի բորբոքուի եւ ես պիտի ձգեմ նորանց եւ երեսս ծածկեմ նորանցից, եւ բնաջինջ են լինելու. Եւ շատ չարիքների ու նեղութիւնների են հանդիպելու եւ ասելու այն օրը. Մի՞թէ մեր Աստուածը իմ մէջ չլինելու համար չէ, որ այս չարիքները ինձ հանդիպել են։
18 Եւ այն օրը ես իմ երեսը բոլորովին կծածկեմ նորանց արած բոլոր չարութեան համար, որովհետեւ դէպի ուրիշ աստուածների դառան։
19 Եւ հիմա այս երգը գրեցէք ձեզ համար, եւ այն սովորեցրու իսրայէլի որդկանցը, նորանց բերանում դիր այն, որպէս զի այս երգը Իսրայէլի որդկանց մէջ ինձ համար վկայութիւն լինի։
20 Որովհետեւ նորանց պիտի տանեմ այն կաթ եւ մեղր բղխող երկիրը, որի համար ես նորանց հայրերին երդում արի. Եւ նորանք կուտեն եւ կկշտանան եւ կգերանան, եւ դէպի ուրիշ աստուածների կդառնան եւ նորանց ծառայութիւն կանեն եւ ինձ կարհամարհեն եւ իմ ուխտը կխափանեն։
21 Իսկ երբոր նորանք շատ չարիքների եւ նեղութիւնների հանդիպեն, այս երգը նորանց առաջին վկայութիւն տայ. Որովհետեւ պիտի չմոռացուի նորանց զաւակների բերանիցը. Որովհետեւ գիտեմ նորանց խորհուրդը՝ որ այսօր անում են, քանի որ դեռ չեմ տարել նորանց իմ երդումով խոստացած երկիրը։
22 Եւ Մովսէսը նոյն օրը այս երգը գրեց, եւ Իսրայէլի որդկանցը սովորեցրեց այն։
23 Եւ նա Նաւէի որդի Յեսուին պատուիրեց եւ ասեց. Զօրացիր եւ քաջ եղիր. Որովհետեւ դու պիտի տանես Իսրայէլի որդիքը այն երկիրը, որի համար նորանց երդում արի. Եւ ես քեզ հետ կլինեմ։
24 Եւ երբոր Մովսէսն այս օրէնքի բոլոր խօսքերը մէկ գրքի մէջ գրեց վերջացրեց մինչեւ վերջը,
25 Մովսէսը պատուիրեց Եհովայի ուխտի տապանակը վեր առնող Ղեւտացիներին ասելով.
26 Առէք այս օրէնքի գիրքը եւ դրեք նորան ձեր Եհովայ Աստուծոյ ուխտի տապանակի մօտ, որ նա քեզ դէմ վկայութիւն լինի այնտեղ.
27 Որովհետեւ ես քո ապստամբութիւնը եւ քո խիստ պարանոցը գիտեմ. Ահա այսօր տակաւին ես ձեզ հետ ողջ եմ՝ դուք Եհովայի դէմ ապստամբութիւն էիք անում. Եւ ո՜րչափ աւելի իմ մեռնելուց յետոյ։
28 Ձեր ցեղերի բոլոր ծերերին եւ ձեր ոստիկաններին ժողովեցէք իմ առաջին որ նորանց ականջներին խօսեմ այս խօսքերը. Եւ երկինքն ու երկիրը վկայ կանչեմ նորանց վերայ.
29 Որովհետեւ գիտեմ, որ իմ մեռնելուց յետոյ դուք անպատճառ անօրէնութիւն էք անելու, եւ խոտորուելու էք իմ ձեզ պատուիրած ճանապարհիցը, եւ ետքի օրերը չարիքների էք հանդիպելու. Որովհետեւ Եհովայի առաջին չարութիւն էք անելու, եւ ձեր ձեռքերի գործքերովը նորան բարկացնելու։
30 Եւ մովսէսն այս երգի խօսքերը խօսեց Իսրայէլի բոլոր ժողովքի ականջներին մինչեւ վերջը։ |