1 Եւ Մովսէսը պատասխանեց եւ ասեց. Բայց ահա նորանք ինձ չեն հաւատալ, ոչ էլ իմ ձայնին կլսեն. Որովհետեւ կասեն թէ Եհովան քեզ չէ երեւացել։
2 Եւ Եհովան ասեց նորան. Այդ ի՞նչ է քո ձեռքինը. Եւ նա ասեց՝ գաւազան։
3 Եւ ասեց. Գետինը գցիր դորան. Եւ նա գետինը գցեց, եւ օձ եղաւ, եւ Մովսէսը նորա առաջիցը փախաւ։
4 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր եւ ագիիցը բռնիր. Եւ նա իր ձեռքը մեկնեց եւ նորան բռնեց, եւ նա գաւազան եղաւ նորա ձեռքումը.
5 Որ հաւատան թէ քեզ երեւեցաւ իրանց հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը։
6 Եւ Եհովան դարձեալ ասեց նորան. Հիմա ձեռքդ տար ծոցդ. Եւ նա ձեռքը ծոցը տարաւ, եւ դուրս հանեց, եւ ահա ձեռքը ձիւնի պէս բորոտ եղաւ։
7 Եւ ասեց. Ձեռքդ դարձեալ ծոցդ տար. Եւ նա դարձեալ ձեռքը ծոցը տարաւ, եւ ծոցիցը հանեց, եւ ահա իր մարմնի պէս էր եղել։
8 Եւ իցէ թէ քեզ չհաւատան, եւ առաջի նշանի ձայնին չլսեն, այն ժամանակ միւս նշանի ձայնին կհաւատան։
9 Իսկ իցէ թէ այս երկու նշաններին էլ չհաւատան, եւ քո ձայնին էլ չլսեն, գետի ջրիցը վեր առ, եւ ցամաքի վերայ թափիր, եւ այն ջուրը, որ գետիցը վեր առիր, ցամաքի վերայ արիւն կդառնայ։
10 Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ոհ, Տէր իմ, ես ճարտարախօս չեմ, ոչ երեկուտնից ու մէկէլ օրուանից, ոչ էլ ծառայիդ հետ խօսելուցդ յետոյ, այլ ես ծանրախօս եւ ծանրալեզու եմ։
11 Եւ Եհովան ասեց նորան. Ո՞վ է մարդին բերան տուել. Կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։
12 Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կլինիմ, եւ քեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի խօսես։
13 Եւ նա ասեց. Ոհ, Տէր իմ, աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել։
14 Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուեց Մովսէսի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես քո Ահարօն եղբօրը՝ Ղեւտացուն չեմ ճանաչում որ ճարտարախօս է. Նաեւ ահա նա դուրս է գալիս քեզ դիմաւորելու, եւ քեզ տեսածի պէս իր սրտումը պիտի ուրախանայ։
15 Եւ դու խօսիր նորա հետ, եւ խօսքեր դիր նորա բերանումը. Եւ ես քո բերանի եւ նորա բերանի հետ կլինիմ, եւ ձեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի անէք։
16 Եւ քո տեղը նա կխօսէ ժողովրդի հետ. Եւ նա քեզ համար բերանի տեղ կլինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կլինիս։
17 Եւ այս գաւազանն առ քո ձեռքը, որ նորանով անես նշանները։
18 Եւ Մովսէսը գնաց, եւ իր աներ յոթորի մօտ դարձաւ, եւ ասեց նորան. Թող գնամ, եւ ետ դառնամ Եգիպտոսումը լինող եղբայրներիս մօտ, եւ տեսնեմ թէ տակաւին ո՞ղջ են. Եւ Յոթորն ասեց Մովսէսին. Գնա խաղաղութեամբ։
19 Եւ Եհովան Մադիամի մէջ ասեց Մովսէսին. Գնա ետ դարձիր Եգիպտոս, որովհետեւ մեռան այն ամեն մարդիկը, որ քո կեանքը որոնում էին։
20 Եւ Մովսէսն իր կնոջն ու որդիներին առաւ, եւ էշի վերայ հեծցրեց նորանց, եւ ետ դարձաւ Եգիպտոսի երկիրը. Եւ Մովսէսն Աստուծոյ գաւազանը իր ձեռքն առաւ։
21 Եւ Եհովան ասեց Մովսէսին. Երբոր ետ դառնաս գնաս Եգիպտոս, նայիր որ Փարաւօնի առաջին անես բոլոր այն հրաշքները, որ ես քո ձեռքը դրի, եւ ես նորա սիրտը կխստացնեմ, եւ նա ժողովրդին թող չի տալ։
22 Եւ ասիր Փարաւօնին, Եհովան այսպէս է ասում. Իսրայէլն իմ որդին՝ իմ անդրանիկն է։
23 Եւ քեզ ասում եմ. Թող տուր իմ որդին որ ինձ պաշտէ. Բայց եթէ նորան թող տալ չուզես, ահա ես քո որդին՝ քո անդրանիկը կսպանեմ։
24 Եւ ճանապարհին մի իջեւանում եղաւ, որ Եհովան նորան պատահեց, եւ ուզեց նորան սպանել։
25 Եւ Սեպփօրան մի սուր քար առաւ, եւ իր որդու անթլփատութիւնը թլփատեց, եւ նորա ոտքերի մօտ գցեց, եւ ասեց. Թէ Դու ինձ համար մի արիւնոտ փեսայ ես։
26 Այսպէս թող տուաւ նորան. Այն ժամանակ ասեց. Թլփատութեան համար արիւնոտ փեսայ։
27 Եւ Եհովան ասեց Ահարօնին. Գնա անապատը Մովսէսին դիմաւորելու. Եւ նա գնաց, եւ պատահեց նորան Աստուծոյ սարի վերայ, եւ համբուրեց նորան։
28 Եւ Մովսէսը պատմեց Ահարօնին Եհովայի բոլոր խօսքերը որ ուղարկեց իրան, եւ այն բոլոր նշանները, որ իրան պատուիրեց։
29 Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին, եւ իսրայէլի որդիների բոլոր ծերերին ժողովեցին։
30 Եւ Ահարօնը Եհովայի Մովսէսին ասած բոլոր խօսքերը պատմեց. Եւ նշաններն արաւ ժողովրդի առաջին։
31 Եւ ժողովուրդը հաւատաց. Եւ լսեցին, թէ Եհովան այցելութիւն է արել Իսրայէլի որդիներին, եւ թէ նորանց նեղութիւնները տեսել է, եւ խոնարհուեցին եւ երկրպագութիւն արին։ |